ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արտակ ՃԱՂԱՐՅԱՆ. Հայհոյանքը դարձել է «ուղիղ ճանապարհ»

Արտակ ՃԱՂԱՐՅԱՆ. Հայհոյանքը դարձել է «ուղիղ ճանապարհ»
16.04.2013 | 13:44

Վախենում եմ` մի քիչ լավաշ ստացվի: Կներեք: Բայց կարծես հրապարակախոսության պես մի բան է դառնում ոչ միայն վերջին մի քանի ամիսների, այլև գուցե տարիների կուտակվածը: Հնարավոր է` ֆեյսբուք կոչեցյալը հազար անուն ունենա` հիվանդություն, PR հարթակ, տեղեկատվական փոխանակման վայր: Բայց միևնույն ժամանակ մի տեսակ լակմուսի թուղթ է ու, որոշ դեպքերում, ցավալի արդյունքով: Էս ինչքան ենք սկսել միմյանցից նեղանալ, միմյանցից հեռանալ, էս ինչքան ենք սրել իմն ու քոնը, մերն ու ձերը: էս ինչքան «թշնամի» կա մեր երկրում, իրար «թշնամի», երկրին «թշնամի»: Հայհոյելն ու անձնական վիրավորանքը դարձել են «ուղիղ ճանապարհ»: Հատկապես երիտասարդների հետ է զրույցս: Ախր, կուսակցականությունն ընդամենը տեսակետների որոշակի տարբերությունն է առաջին հերթին ՔԱՂԱՔԱԿԱՆ դաշտում, որը գործունեության ոլորտ է, ոչ թե ԱՊՐԵԼՈՒ: Ու ո´չ քաղաքականությունը, ո´չ էլ կուսակցականությունը չաժեն, որ ընկեր կորցնենք, հարազատ կորցնենք, ԻՐԱՐ կորցնենք: Մեկ էլ ու` մի օր մենակ մնալու վտանգը որ եկավ, կարող է և շատ ուշ լինել, անուղղելի ուշ: Մենք կարող ենք չընդունել մեր ընկերների քաղաքական հայացքները, քաղաքացիական հայացքները, բայց ընկերը նրանով է ընկեր, բարեկամը նրանով է բարեկամ, հարազատը նրանով է հարազատ, որ մենք նրան ընդունում ենք այնպիսին, ինչպիսին նա կան, իր մարդկային արժանիքների համար, հենց ի´ր համար, ոչ թե քաղաքական հայացքների: Չնեղացնենք միմյանց, հավատանք, որ յուրաքանչյուրն իր տեսակետով, իր հայացքներով առաջին հերթին ուզում է, որ երկրի համար լավ լինի: Վիճենք ու բանավիճենք, բայց չեմ կարծում, թե որևէ կուսակցության ծրագիր պարտադրում է թշնամանալ քաղաքական տարակարծիք ընկերների, հարազատների, ընդհանրապես` այլոց հետ: Թե որ արժեքային համակարգից ենք խոսում, իմ կարծիքով` արժեքային համակարգերի հիմքում առաջին հերթին մարդկային պարզ հարաբերություններն են, փոխադարձ հարգանքի, հանդուրժողականության ունակությունը: Կրկնեմ էլի` վեճը, բանավեճը, հայացքների տարակարծությունը, որոնց առողջ բախումը օգտակար է ճշմարտության ճանապարհին, դեռ չեն ենթադրում անձնական վիրավորանք, հայհոյանք, մատ թափ տալ ու... հեռացում: Նույնը և` կուսակցական պատկանելության առումով: Բոլոր կուսակցություններում էլ շատ կարգին մարդկանց եմ ճանաչում, ու միևնույն ժամանակ` ճիշտ հակառակը: Ընդհանրացումն ինքնին անընդունելի է, համընդհանուր պիտակավորումը` առավել ևս: Չկորցնենք ու չփշրենք տարիների դժվարին ձեռբերածն ու ընդհանրապես ամենաթանկը` ՄԻՄՅԱՆՑ: Հետո գուցե էլ չկարողանանք գտնել: Մարդկային բոլոր հարաբերություններն էլ ՍԻՐՈ նման են. հարկավոր է պայքարել ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան:

Դիտվել է՝ 4290

Մեկնաբանություններ